June 26th, 2011

Արցախի հայաթափման նոր մեթոդ, կամ երբ չկա բանականություն

ԱրՊՀ նախկին դասախոս Հայկ Խանումյանի անձնական բլոգում զետեղվել է հետևյալ հոդվածը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ 2011 թ. հունվարից Արցախի եվրոպական շարժումը սկսել էր ակտիվ գործունեություն, ինչը բուռն հակազդեցություն էր առաջացրել Ադրբեջանում: Մասնավորապես` կազմակերպության միջազգային ստաժորներ հրավիրելու մեր հայտարարությունները, որոնք հայտնվեցին աշխարհի տարբեր համալսարանների կայքերի վրա և տարածվեցին գիտական տարբեր ցանցերի 30 հազարից ավելի էլփոստերով: Ադրբեջանցի պատգամավորներից մեկը, news.az-ին տված հարցազրույցում, մեր այս նախաձեռնությունն անվանեց «հայերի հերթական պրովոկացիա», մեկ այլ նյութում Արցախ մեկնող ստաժորներին զգուշացվեց, որ նրանք «պերսոնա նոն գրատա» են հռչակվելու և այլն: Ադրբեջանցիները նաև ակտիվ աշխատեցին ԵԽ երիտասարդության և սպորտի դիրեկտորիայում՝ կասեցնելու համար մեր կազմակերպության երիտասարդ անդամների մասնակցությունը համաեվրոպական երիտասարդական մի քանի ծրագրի: Ֆեյսբուքում ստեղծվեցին խմբեր, որոնք պայքարում էին Արցախի եվրոպական շարժման էջի և Հայկ Խանումյանի պրոֆիլի դեմ: Մի խոսքով՝ ադրբեջանցիները լուրջ ջանքեր էին գործադրում կազմակերպության գործունեությունը ձախողելու, տապալելու համար: Նախապես նշեմ, որ նրանք հաջողություն չունեցան:

Մեր գործունեության համար կարևոր նշանակություն ուներ «Արցախ ուղի» ծրագրի շրջանակում մեր կազմակերպության ֆինանսավորումը, ինչը հնարավորություն էր տալիս ունենալ կահավորված գրասենյակ և լսարան, կազմակերպել դասընթացներ և հանդիպումներ, հրավիրել դասախոսներ և ֆինանսավորել ուսանողների այլ գործունեություն: Այլընտրանքային կրթությունը, կազմակերպվող եռամսյա դասընթացները, թեմատիկ դպրոցները լավ առիթ էին ուսանողների հմտությունները և գիտելիքները բարձրացնելու համար: Սակայն շուտով Արցախի նախագահականի գործուն մասնակցությամբ կազմակերպությունը դուրս մնաց այս ծրագրից, ամեն ինչ արվեց մեզ ֆինանսապես խեղդելու համար:

Կարելի է մտածել՝ ադրբեջանցիները փորձեցին Արցախի նախագահականի միջոցով հարցերը լուծել, նամանավանդ որ` նախագահականում դեռևս կան մարդիկ, որոնք ժամանակին կոմսոմոլի քարտուղար էին դարձել հենց Բաքվի համաձայնությամբ: Սակայն ես հակված չեմ այս վարկածին, խնդիրն ավելի քան կենցաղային է, և այն սկսում է դասախոս Հայկ Խանումյանի գործունեությունից:

Ես դասավանդում էի Արցախի պետական համալսարանում` 2009թ. սեպտեմբերից սկսած: Քաղաքագիտության 3-րդ կուրսի ստուգարքներից մեկի ժամանակ կոլեգաներիցս մեկը, Արցախում որոշ հատկություններով հայտնի Նաիրա Սողոմոնյանը, միջնորդում է իր եղբոր աղջկա համար: Իմ արձագանքը հստակ էր՝ ստուգարք կստանա պատասխանի առկայության դեպքում: Պատասխանը չեղավ, ստուգարքն էլ չեղավ: Այնուհետև զանգահարում է նույն Սողոմոնյանը, վրդովված խոսում իմ «լկտիության» դեմ, զարմանում, որ ես մինչև հիմա չգիտեի, որ ինքը Մարատ Շմավոնիչի և Բակո Սահակիչի մտերմուհին է: Առաջինը նախագահի աշխատակազմի ղեկավարն է, երկրորդը՝ նախագահը: Այնուհետև Սողոմոնյանը ինձ տեղեկացրեց, որ ես հաջորդ օրվանից այլևս դասախոս չեմ լինի: Ես ընդամենը ծիծաղեցի, քանզի ոչ մի կերպ չէի պատկերացնում, որ կարելի է օգտագործել նախագահի անունը ստուգարք ստանալու համար և լուրջ չէի ընդունում այս տիկնոջը:

Սակայն հաջորդ օրն իմ դեմ դուրս եկավ ռեկտորը՝ հայտարարելով, որ ես այլևս դասախոս չեմ: Ես, իհարկե, սկսեցի համապատասխան որոշումը պահանջել, սրան-նրան այս մասին տեղեկացնել: Սակայն կրթության նախարարը, որի հետ սկզբից լավ հարաբերություններ ունեի (հորեղբորս հետ էր ծառայել կամ համենայնդեպս նրան գիտեր), ասաց, որ իզուր չչարչարվեմ, որ իմ դեմ օպերացիան Մարատ Շմավոնիչն է ղեկավարում: Իսկ օպերացիան իսկական ռազմարշավի նմանվեց՝ ներգրավելով մի շարք պետական հիմնարկներ: Ինձ առանձնապես ապշեցնում էր այն եռանդը, որ պետական որոշ հիմնարկներ լծվել էին ինձ չեզոքացնելու ուղղությամբ: Այդպես էլ ես չիմացա ինչու ազատեցին ինձ համալսարանից, որովհետև տվել էին մի քաղվածք, որ համաձայն այսինչ որոշման միակողմանիորեն դադարեցվում էր աշխատանքային պայմանագիրը: Որոշման պատճենը մինչև օրս էլ չեմ կարողանում ստանալ, միայն համալսարանի իրավաբանն է մոտս կարդացել այն: Հեռացման գլխավոր պատճառը՝ «գործընկերոջ հետ մեծամիտ վարվելակերպն է»:

Այս ամենն այսքան ծիծաղելի չէր լինի, եթե ողբերգականությունն այսքան մեծ չլիներ: Համալսարանում ռեկտորը իմ դեմ մեծ ակցիա սկսեց իր սրիկայությունն արդարացնելու համար: Շրջում էր լսարաններում, ընթերցում 2009թ. նոյեմբերին գրված իմ մի հոդված, որը ես համարում եմ լավագույն հոդվածներիցս մեկը, մեկնաբանում իր ձևով, ուսանողներին և դասախոսներին պարտադրում կարծիքներ հայտնել դրա վերաբերյալ: «Անալիտիկոնի» այդ համարն ամենաշատը վաճառվեց, այդ հոդվածս հսկայական օրինակով պատճենահանվեց: Այս համատեքստում դասախոսներից մեկը՝ Ներսիսյան Կարենը, մի անգամ համալսարանի միջանցքում ինձ տեսնելով, ասաց՝ «այդ դու ե՞ս Խանումյան Հայկը, ես քեզ դատի եմ տալու»: Երբ հարցրի, թե ինչո՞ւ: Պատասխանեց.

- Այդ ինչե՞ր ես գրել համալսարանի մասին: Այդ համալսարա՞նն է լիկկայան:
- Իսկ դու կարդացե՞լ ես հոդվածը,- հարցրի ես:
- Այդ մասին ինձ ռեկտորն է ասել:

Ես ընդամենը քմծիծաղ տվեցի և առաջարկեցի միասին կարդալ հոդվածը: Սակայն Ներսիսյանը ժամանակ չուներ, բայց ծանր վիճակից դուրս գալու համար իր ոճով հարցրեց.

- Իսկ դու ո՞ւր էիր պատերազմի ժամանակ:

Պատերազմն ավարտվելու ժամանակ ես ընդամենը 10 տարեկան էի, ինչը Ներսիսյանին ստիպված էի քմծիծաղով պատասխանել:

Բարեբախտաբար, նոր «ներսիսյաններ» չգտնվեցին, և շատ լավ է, որ դրանք չգտնվեցին ուսանողների մեջ: Ինձ աջակցություն հայտնեցին առնվազն 3 դեկան, տարբեր դասախոսներ և անվերապահ բոլոր ուսանողներս: Ավելին, համալսարանից դուրս գալով՝ ես ունեցա ավելի շատ ուսանողներ, ավելի շփվեցի ուսանողության հետ և ավելի շատ դասախոսություններ կարդացի:

Իմ դեմ «օպերացիան» օրեցօր ավելի ու ավելի մեծ չափեր էր ընդունում: Գլխավոր դերակատար էր դառնում կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, որը դիմեց մի շարք խուլիգանական քայլերի, այս քայլերը պաշտպանվեցին Արցախի ԱԱԾ կողմից, ավելին՝ Արցախի ԱԱԾ-ում ինձ ասեցին կյանքումս լսած ամենահակահայկական նախադասությունը. «Ինչո՞ւ ես եկել մեր երկիր, գնա, քո կազմակերպությունը քո Իջևանում ստեղծիր»: Ամեն մի փոքրիկ առիթով ԱԱԾ տնօրեն Վիկտոր Քոչարյանը իրեն պարտավորված էր զգում ինձ կանչել ու «հաթաթա» տալ: Լիներ դա հոդված «Արցախնյուզում», որտեղ խոսվում էր վիզաների հարցը կարգավորելու (էդ դու պիտի մեզ խորհուրդ տա՞ս` վիզան որտե՞ղ տանք), թե կրթության նախարարին ուղղված նամակ՝ իր խուլիգանությունների մասին երկրի նախագահին զեկուցելու համար: ԱԱԾ-ում ամեն կերպ խորհուրդ էին տալիս լքել Արցախը: Մի զավեշտալի դեպք: Երբ հերթական հարցին, թե ինչո՞ւ եմ եկել Արցախ, պատասխանեցի. «Արցախն այսօր այն վայրն է, որտեղ ավելի շատ հայ պետք է գա: Աստված տա, վաղն այդ վայրը դառնա Նախիջևանը կամ Ջավախքը»: ԱԱԾ տնօրենի հաջորդ զրույց-հարցաքննության ժամանակ հակահետախուզության պետն ասաց. «Բա ասում էիր գնալո՞ւ ես Ախալքալաք»: ԱԱԾ տնօրենի՝ Արցախը լքելու բարի խորհուրդները նորություն չեն: Վերջերս հրատարակված մի մեմուարային գրքից տեղեկացա, որ ադրբեջանական ՊԱԿ-ի աշխատակից Վիկտոր Քոչարյանն այդպիսի խորհուրդներ տալիս էր նաև 1987-1988թթ.՝ Արցախում ակտիվություն ցուցաբերող հայորդիներին:

Սկզբից ես կարծում էի, թե նախագահ Բ.Սահակյանը այս ամենից տեղյակ չէ: Սակայն հետագայում համոզվեցի, որ նախագահն ուղղակի շրջապատված է մի քանի բանսարկուներով, որոնք իրենց մանր-մունր կենցաղային հարցերն են լուծում՝ խաղալով երկրի և նախագահի հեղինակության հետ: Ովքե՞ր են դրանք.

Մարատ Մուսայելյան՝ նախագահի աշխատակազմի ղեկավար,
Վիկտոր Քոչարյան՝ Արցախի ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր,
Վլադիկ Խաչատրյան՝ կրթության նախարար, գեներալ-մայոր,
Ստեփան Դադայան՝ ԱրՊՀ-ի ռեկտոր, ագիտացիայի բաժնի նախկին հրահանգիչ։

Այս 2 տարիների ընթացքում ես խուսափել էի անուններ տալուց, սակայն սխալվել էի՝ ամեն ինչ պետք է ասել անուններով և մանրամասներով: Քանզի միայն հրապարակայնությամբ կարելի է խուսափել ոմանց հակահայկական գործունեությունից: Մինչև հիմա հայրենասիրական մղումներով, ստեղծագործելու, նոր կյանք ստեղծելու, իրենց լուման մեր հայրենիքի այս մասում ներդնելու համար Արցախ եկած շատերն ուղղակի հեռացել են՝ սրտի կսկիծով ու ափսոսանքով հիշելով իրենց ծրագրերն ու ջանքերը: Այդպիսի մարդկանց ես տասնյակներով եմ տեսել Երևանում: Կոմսոմոլի նախկին քարտուղարներն ու Բաքվի նախկին գործակալները չէ, որ որոշելու են Արցախում ապրելու պատրաստ տարբեր հայորդիների ճակատագրերը:

Համալսարանից հետո փորձեցին կտրել ֆինանսավորման իմ բոլոր աղբյուրները, իմ ծանոթներն այլևս չէին շփվում ինձ հետ, ինձ հետ ընկերություն անողների վրա հսկայական ճնշում էր գործադրվում, այդ թվում՝ անդրադառնալով նաև նրանց հարազատների վրա: Շատ բարձրաստիճան մտերիմներ խուսափում էին նույնիսկ բարևելուց: Այս համատեքստում հետաքրքիր է Արցախի բարձրագույն ղեկավարներից մեկի ասածը: Մի հանդիպման ժամանակ նա ինձ խնդրեց, որ իմ դեմ կատարվածը ես չվերագրեմ Արցախին և Արցախից չվիրավորվեմ: Սա ինձ համար վիրավորական էր: Իհարկե, ես երբեք Արցախը ինչ-որ Մուսայելյան Մարատի կամ Քոչարյան Վիկտորի հետ չեմ նույնացրել:

Կտրելով ապրուստի իմ բոլոր աղբյուրները՝ Արցախի նախագահականն ավելի առաջ անցավ: Վերջին շրջանում իմ մի քանի քննադատական հոդվածները լուրջ մտահոգություններ էին առաջացրել նրանց մոտ: Սպառելով Արցախում տարբեր սահմանափակումները, նրանք անցան Հայաստանի Հանրապետություն: Մասնավորապես՝ խնդրանքներ հորս վերադասներին՝ ինձ Հայաստան հետ կանչելու համար: Հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներն այդ ամենին ընդամենն արձագանքում են խոր զարմանքով և ափսոսանքով: Ինչպե՞ս թե, ամենաբարձր մակարդակով խնդրում են, որ մի 27-ամյա հասարակական գործչի Ստեփանակերտից Երևան տեղափոխենք:

Մի քանի օր առաջ հանդիպեցի հայաստանյան մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի: Պատմությանը թեթև տեղյակ էր, իմ պատմելուց հետո ընդամենը մի նախադասություն ասաց. «Էդ պրովինցիալ պացանները կործանելու են սկզբից Արցախը, ապա և Հայաստանը»: Միասին մտածեցինք Արցախի քաղաքացիական հասարակությանն աջակցություն ցույց տալու եղանակների մասին: Նա թեև նշեց, որ շատ դժվար է անել մի բան, որ Բակո Սահակյանի սրտով չի, սակայն համաձայնեց, որ Արցախը միայն Բակո Սահակյան չի: Եվ նաև խորիմաստ հույս հայտնեց, որ 2012-ից նախագահն ուրիշ մեկը կլինի:

Քաղաքացիական հասարակությանն ակտիվություն է հարկավոր՝ պայքարելու կոռուպցիայի, անարդյունավետության, պրովինցիալիզմի դեմ: Չարիքներ, որոնք խանգարում են Արցախի հզորացմանը, բնակեցմանը, զարգացմանը: Այսպիսի վիճակ ադրբեջանցիները կարող են միայն երազել…